«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ անվտանգության խորհրդի նախորդ օրը կայացած նիստից հետո` փետրվարի 26-ին, ԱԽ քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մամլո ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու քննարկված հարցերն ու ընդունված որոշումները:
Արթուր Բաղդասարյանը քննարկված և հավանության արժանացած հարցերից առաջինն անդրադարձավ Հայաստանում պրոբացիոն ծառայության հայեցակարգին, որի ներդրումը, նրա համոզմամբ, կարևոր քաղաքական, իրավական, սոցիալական նշանակություն կունենա: «Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների նոր ռազմավարություն, որը հնարավորություն կտա նվազ հասարակական վտանգավորություն ունեցող արարքներ կատարածներին չազատազրկել: Նման համակարգ գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Համակարգի ներդրումը թույլ կտա զանցառուներին չզրկել ընտանիքներում լինելուց: Շատ դեպքերում դատապարտյալն ուղղիչ աշխատանքային հաստատությունում ամենևին չի վերադաստիարակվում. կրկնահանցագործությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատապարտվածների որոշակի տոկոսը նորից է հանցանք գործում: Այսօր Հայաստանում ուղղիչ աշխատանքային հաստատություններում իրենց պատիժն են կրում 3900 դատապարտյալներ, պրոբացիոն ծառայության ներդրմամբ 1300-ը կարող են իրենց պատիժը կրել նոր համակարգով, որը ենթադրում է խիստ վարչական վերահսկողութուն: Մասնավորապես տնային կալանք, հատուկ ձեռնաշղթաների կրում, երբ հանցագործը չի կարող երկրի պետական սահմանը հատել, մարդաշատ վայրերում լինել, նրա ամբողջ տեղաշարժը վերահսկվում է: Եվրոպական բազմաթիվ երկրներում գործելով` այս համակարգն ապացուցել է իր արդյունավետությունը: Եթե այսօր մենք մի դատապարտյալի վրա ծախսում ենք մոտ 3600 դրամ, այս ծառայության ներդրմամբ ծախսը 410 դրամ է կազմում` 8 անգամ պակաս: Համակարգի ամբողջական ներդրմամբ կտնտեսվի տարեկան մոտ 1 միլիարդ 700 մլն դրամ։ Հնարավորություն կտա հասնել նաև սոցիալական արդարության, պատժի կիրառման անխուսափելիության հաստատմամբ հանդերձ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Այս բարեփոխումները ներառված են Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրում և կարևորվում են միջազգային կառույցներում, որոնք պատրաստ են ֆինանսական աջակցություն ցույց տալ համակարգի ներդրմանը: Արդեն հատկացվել է 800 հազար եվրո, և մի քանի մարզերում իրականացվում են պիլոտային ծրագրեր:
ԱԽ-ում հավանության արժանացած երկրորդ հարցը եղել է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զեկույցն արժանացել է հավանության: ՀԱՊԿ-ի առանցքային անդամներից լինելով` Հայաստանը շահագրգռված է կառույցի և քաղաքական, և ռազմական բաղադրիչների զարգացմամբ: Իբրև ՀՀ-ՀԱՊԿ միջգերատեսչական հանձնաժողովի համակարգող` Արթուր Բաղդասարյանն ասաց, որ բոլոր նախատեսված միջոցառումները ժամանակացույցով իրականացվում են: Ըստ նրա, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրապնդումը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն, հատկապես արագ արձագանքման ստորաբաժանումները: Հայաստանն առաջարկել է ստորաբաժանումները վերազինել ժամանակակից տեխնիկայով և հանդերձանքով, առաջարկն ընդունվել է: Կարևորագույն խնդիր համարվեց ՀԱՊԿ միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը և ավիացիայի զարգացումը: Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը Հարավային Կովկասում Հայաստանի համար ունի մեծ նշանակություն: Քննարկվել է նաև ՀԱՊԿ զորքերի կառավարման միասնական համակարգի ստեղծման խնդիրը: Բոլոր քննարկումներին Հայաստանն ակտիվ մասնակցում է, մի քանի համաձայնագրեր արդեն վավերացվել են, մի քանիսը շրջանառության մեջ են:
Երրորդը Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության հարցերը: Վիլնյուսի գագաթնաժողովում ստորագրված համատեղ հայտարարությունից հետո Հայաստանը, որ Մաքսային միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել, շարունակում է ԵՄ-ի հետ սերտ գործակցությունը: ԱԽ նիստում հաստատվել է ՀՀ-ԵՄ 2014-2015 թթ. գործողությունների ծրագիրը, որ ներառում է 160 գերակա խնդիր 6 հիմնական ուղղություններով` քաղաքական, արդարադատության, ազատության, անվտանգության ոլորտում բարեփոխումներ, ենթակառուցվածքային, հումանիտար, առողջապահության և սոցիալական: Այս ամենը ներառված է բարեփոխումների ընդգրկուն փաթեթում, որը քննարկվել է նաև եվրոպացիների հետ: ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են միասնական բարեփոխումների օրակարգի ձևավորումը: Այդ ծրագիրը ենթադրում է բարեփոխումներ հարկային, մաքսային, ոստիկանության, քրեակատարողական ծառայության համակարգում, քաղաքացիական հատուկ ծառայության մոդելների ներդրում: 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշմամբ ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 30 միլիոն եվրո կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ծառայությունների բարեփոխման համար, 2013-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ևս 41 միլիոն եվրո է հատկացվել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, հասարակական սեկտորի ամրապնդման համար: ԵՄ-ն հարևանության 16 երկրների (նաև Հայաստանին) 2014-2020 թթ. կհատկացնի 15 միլիարդ եվրո աջակցություն:
Հավարտ ԱԽ նիստի որոշումների մեկնաբանման` Արթուր Բաղդասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ՀԱՊԿ-Ը ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆԸ
Մի քանի օր առաջ Երևանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, նրա այցից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ևս մեկ անգամ արձանագրվել է, որ ՀԱՊԿ-ի համար անընդունելի են ռազմական ագրեսիայի և ուժի ցուցադրման դեպքերը: Սահմանային յուրաքանչյուր խախտմանն արձագանքելու վերաբերյալ ՀԱՊԿ-ի հետ ստորագրված որևէ փաստաթուղթ չկա: ՀԱՊԿ-ը կարձագանքի, երբ ռազմական ագրեսիա ձեռնարկվի Հայաստանի նկատմամբ` գործող միջպետական համաձայնագրերի համապատասխան:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՉԷ
Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, ՀԱՊԿ-ը չի արձագանքի ԼՂՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիային:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Քանի կա ԼՂ հակամարտությունը, շարունակվում է դիվանագիտական պատերազմը, քանի դեռ Ադրբեջանը ոտնձգություններ է անում ՀՀ սահմանի նկատմամբ և ստանում համարժեք պատասխան, չի հրաժարվելու տեղեկատվական պատերազմից: Մենք դրան էլ պիտի համարժեք պատասխան տանք, մեր տեսակետները առավելագույնս համոզիչ ներկայացնելով միջազգային հանրությանը:
ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ` ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԱՀՎԱԾՔ
Ինչքան խորհրդարանական բառապաշարը լինի կոռեկտ և քաղաքակիրթ, այնքան բարձր կլինի երկրի քաղաքական մշակույթը: Այսօր ականատես ենք տարբեր երկրների խորհրդարաններում շատ ավելի ծանր դեպքերի, երբ իբրև փաստարկ օգտագործվում են բռունցքները, բայց դա ուժի վկայություն չէ: Ըմբռնումով վերաբերվենք մերթընդմերթ ի հայտ եկող նման դրսևորումներին` ակնկալելով ավելի քաղաքակիրթ պահվածք:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՏԱՆԻ
Հայաստանում էլ կլինեն ուժեր, որ կփորձեն այլ երկրների իրադարձությունները Հայաստանում կրկնել: Մեր երկրի համար էվոլյուցիոն զարգացումները շատ ավելի արդյունավետ են, քան ռե-էվոլյուցիոն: ՈՒկրաինական խմորը դեռ շատ ջուր կտանի: Հայաստանի համար անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է, մենք ունենք Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հարց, դարանակալած թշնամի, որ պատրաստ է սահմանային միջադեպերը վերածել ռազմական գործողությունների, ուստի մեզ համար չափազանց կարևոր են կայունությունը, բարեփոխումների հետևողական շարունակումը, կուտակված խնդիրների առավել համարձակ լուծումները, նորարարական մոտեցումները:
ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿՏԱՆ
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է շարունակվի, ծավալուն աշխատանք է կատարված: Իրանից Վրաստան ճանապարհը կենսական նշանակություն ունի մեզ համար բեռնափոխադրումների և ավտոտրանսպորտային փոխադրումների առումով: Նույնչափ կարևոր է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, այդ ծրագրերը Հայաստանին նոր կարգավիճակ կտան` դարձնելով տարանցիկ երկիր, որը կմեծացնի ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը տարածաշրջանում:
ԽԻՍՏ ՎԱՂԱԺԱՄ Է ԾՐԱԳՐԵԼ
2017-2018 ԹԹ. ՔԱՅԼԵՐԸ
ՕԵԿ-ը եղել է, կա և լինելու է ակտիվ ուժ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող քաղաքական ու տնտեսական գործընթացներում: Այսօր խոսել 2017-2018 թթ. քաղաքական ծրագրերի մասին խիստ վաղաժամ եմ համարում:
ՄԵՆՔ ԽՆԴՐԱԳԻՐ
ՉԵՆՔ ԳՐԵԼ
Մենք ռուսական կողմի հետ արդեն ունեցել ենք քննարկումներ ՌԴ միգրացիոն օրենսդրության կիրառման վերաբերյալ: Խնդիրը բավականաչափ լուրջ է, խոսքը չի վերաբերում միայն պաշտոնապես հայտարարված 170 հազար հայերի արտաքսման վտանգին, այլև ընտանիքների անդամների բաժանմանը: ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ պայմանավորվել ենք ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը փետրվարի 27-ին առաջին նիստը կգումարի: Խմբում ընդգրկված են բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, մենք տրամադրված ենք լավատեսորեն, Ռուսաստանի մեր գործընկերներն ընդունում են խնդրի կարևորությունը մեզ համար, խնդիր, որ վերաբերում է միլիոնավոր մարդկանց: Եթե մենք չկարողանանք փոխընդունելի լուծումներ գտնել, իսկապես լուրջ սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներ են ծագելու: Կա խնդրի պատկերացումը, կան լուծման տարբերակները: Նաև ռուսական լրատվամիջոցներն են այս խնդիրը քննարկում, համարյա նույն ակտիվությամբ, ինչ մեր լրատվամիջոցները: Մենք խնդրագիր չենք գրել, խոսքը չի վերաբերում նոր գնացողներին, այլ դեֆակտո Ռուսաստանում ապրողներին` երկու միլիոն մարդկանց:
Ի՞ՆՉ ՎԱՏ Է, ՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԻՐԵՆՑ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՄՏՆԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գործարքը շատ կարևոր է: 160 միլիոն դոլարի ներդրումը դիվերսիֆիկացնում է մեր տնտեսությունը: Մենք ողջունում ենք, որ այսօր Հայաստանում կան հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ, ինչ վատ է, որ ամերիկյան ու եվրոպական ընկերություններն էլ իրենց կապիտալով մտնեն հայկական շուկա: Դա նշանակում է ներդրումներ, աշխատատեղեր, լրացուցիչ գումարներ պետական բյուջեում: Անվտանգության խնդիր գոյություն չունի, խոսքը վերաբերում է համալիրում ծավալուն ներդրումներին և նոր հնարավորությունների ստեղծմանը: Ռուսաստանը, Բելառուսը, Եվրոպան իրենց առաջնորդների շուրթերով խոսում են նոր ներդրումներ ներգրավելու մասին, որովհետև ամեն երկիր հաստատուն է ներդրումների ծավալով: Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են, ինչը մտահոգիչ է, և այդ համապատկերում նման խոշորամասշտաբ ներդրումը պետք է միանշանակ ողջունել: Ընթացիկ հարցերին կառավարությունը կտա իր պատասխանները:
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
Չորս խորհրդարանական ուժերը դեռևս կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ հստակ քաղաքական համաձայնության չեն եկել, գոնե ես նման հայտարարություն չեմ լսել: Սա մեկ։ Երկրորդ` ՀՀ վարչապետին նշանակում է ՀՀԿ-ն: ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն համաձայնագիր ՀՀԿ-ի հետ, որտեղ գրված է, որ վարչապետին նշանակելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ կառավարության և վարչապետի փոփոխության հարց չի քննարկում, և մենք, որպես կոալիցիոն ուժ, մնալու ենք կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Ես չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունը կարող է հաջողություն ունենալ, հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը: Որպես քաղաքական գործիչ` ես բոլոր նախաձեռնություններին վերաբերվում եմ ըմբռնումով: Շատ տրամաբանական է, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են տարբեր տեսակետներ ու առաջարկներ ունենալ:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԷԼ ԴԺՎԱՐ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆՈՐԸ
Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումները քաղաքական անհրաժեշտություն են: Ինչպե՞ս են կատարվելու, ի՞նչ մտահոգություններ ունի հասարակությունը: Մենք պետք է այդ մտահոգությունների փարատմամբ բարեփոխումներն անենք: Պետք չէ նախագահի ասածը դարձնել դրոշ` 80 տոկո՞սն է դեմ, թե՞ 79: Սերժ Սարգսյանի ասածը շատ պարզ է` այո, ամեն բարեփոխում պարունակում է դժվարություններ, հասարակությունը միշտ էլ դժվար է ընդունում նորը: Հիշեք ԱՊՊԱ-ի քննարկումները. սկզբում բոլորը դեմ էին, մի քանի ամիս հետո սկսեցին գովել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Հասարակության սոցիալական բունտի նախադրյալներ ես չեմ տեսնում: Կան լուրջ սոցիալական-տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, մենք պետք է ավելի արագ արձագանքենք: Կառավարության մեր գործընկերները պետք է ավելի նախաձեռնող լինեն, պրոբլեմներն աճում են ավելի արագ, քան լուծումները: Պրոբլեմները շրջանցել չենք կարող, պետք է լուծենք»` ի պատասխան լրագրողի` Հայաստանում Մայդանի հավանականության երկրորդվող հարցի, ասաց Արթուր Բաղդասարյանը: Բայց նա չասաց` ինչպես: Ի պաշտոնե դա նրա խնդիրը չէ, և, այնուամենայնիվ… Այս և այլ թեմաների մասին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ում, առաջիկայում: